Ալադար Գերևիչ (հունգ.՝ Gerevich Aladár. մարտի 16, 1910(1910-03-16), Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա - մայիսի 14, 1991(1991-05-14), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, ով համարվում է «մեծագույն սուսերամարտիկը օլիմպիադաների պատմության մեջ»։ Նա վեց տարբեր օլիմպիական խաղերում 7 ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթանակներ տանելով թրասուսերով մրցումներում[1]։ Բացի այդ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1935, 1951 և 1955 թվականներին՝ անհատական հաշվարկով, 1931, 1933, 1934, 1935, 1937, 1951, 1953, 1954, 1955, 1957 և 1958 թվականներին՝ թիմային հաշվարկով[2]։ Օլիմպիական արծաթե մեդալի ասպետ (1988)[3]։
Գերևիչը մեկն է այն ընդամենը երկու մարզիկներից, ով օլիմպիական խաղերում վեց անգամ ոսկե մեդալ է նվաճել նույն մրցաձևում (և դա՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չեղարկված երկու խաղերին)։ Նա ոսկե մեդալներ է նվաճել 1932 և 1960 թվականներին՝ 28 տարվա աննախադեպ տարբերությամբ։ Առաջին և վերջին օլիմպիական մեդալների միջև ամենաշատ տարիների այս ռեկորդը 2012 թվականին կրկնել է նորզելանդացի նժույգավար մարզիկ Մարկ Թոդը[4]
Գերևիչի կինը՝ Էռնա Բոգենը (հայտնի է նաև որպես Էռնա Բոգատի), նրա որդին՝ Պալ Գերևիչը և աները՝ Ալբերտ Բոգենը (1912 թվականի ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Ավստրիայի սուսերամարտի թիմի անդամ), բոլորն էլ օլիմպիական մեդալներ են նվաճել սուսերամարտի մրցումներում[5]։
Հռոմի 1960 թվականի օլիմիական խաղերին նախապատրասվելիս Հունգարիայի սուսերամարտի կոմիտեն Գերևիչին ասաց, որ նա արդեն չափազանց տարեց է մրցելու համար։ Անվանի մարզիկն ստիպեց, որ կոմիտեի անդամները ձայնները կտրեն՝ մարտահրավեր նետելով թրասուսերակիրների հավաքականի անդամներին և անհատական հանդիպումներում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին։ Գերևիչը 1960 թվականի օլիմպիդայում անհատական մրցումներում ոսկե մեդալից զրկվել է եզրափակիչ մրցապայքարում թույլ տված ընդամենը մեկ խոցման պատճառով։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա մարզել է Բուդապեշտի Վաշաշ մարզական ակումբի սաներին։ Մահացել է 81 տարեկան հասակում[6]։ 2003 թվականին Կրիշտիան Սառնեցկու և Բրիգիտա Սիպոչի հայտնաբերած աստերոիդը ի հիշատակ նշանավոր մարզիկի՝ անվանվել է 228893 Գերևիչ։ Այդ անվանակոչության մասին Minor Planet Center- ը պաշտոնապես տեղեկացրել է 2014 թվականի հունվարի 16-ին (M.P.C. 86716)[7][8]: