«Scream & Shout», ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ։ Այն թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Interscope Records լեյբլի կողմից, որպես Will.i.am-ի «#willpower» անվանումը կրող չորրորդ անհատական ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Will.i.am-ի, Բաստոյի և Ջին Բապտիստի կողմից։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բին Մորը, նկարահանվել է Լոս Անջելեսում 2012 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին[1][2]։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին ամերիկյան X Factor նախագծի շրջանակներում, որից հետո նաև տեղադրվել է Will.i.am-ի VEVO էջում։
2013 թվականի հունվարի 1-ին Will.i.am-ը հայտարարում է, որ թողարկելու է երգի պաշտոնական ռեմիքսը, որում իրենց մասնակցությունն ունենալու նաև ռեփեր Վակա Ֆլոկա Ֆլեյմը և երաժշտական պրոդյուսեր Հիթ-Բոյը։ Հունվարի 25-ին ռեմիքսի նախնական տարբերակը հայտնվում է համացանցում, որում բացի Վակա Ֆլոկա Ֆլեյմից և Հիթ-Բոյից, իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լիլ Ուեյնը և Դիդդին։ Այնուհետև Will.i.am-ը իր ՅուԹուբի պաշտոնական էջում տեղադրում է ռեմիքսի վերջնական տարբերակը, իսկ հունվարի 29-ին ռեմիքսը թվային ներբեռնման ֆորմատով թողարկվում է։