Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոսիա)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոսիա) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Նիկոսիայում | |
Տեսակ | հուշահամալիր |
Երկիր | Կիպրոս |
Բնակավայր | Ստրովոլոս |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Armenian Genocide memorial (Nicosia) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Արմենիա փողոցի մոտ տեղակայված Հայկական համալիրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նվիրված է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերին ու վերապրածներին։ Գտնվում է Նիկոսիայի Ակրոպոլիսի Հայկական փողոցի «Հայկական համալիրում», որն ներառում է հայկական թեմի շենքը, Սուրբ Աստվածածին տաճարը, Նարեկ հայկական դպրոցը, մարմարե խաչքարը, արքեպիսկոպոս Զարեհ Ազնավուրյանի կիսանդրին և Գրիգոր Նարեկացու արձանը։
Հուշարձանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Կիպրոսի հայկական թեմին։ Հուշարձանի հիմնարկեքը տեղի է ունեցել 1985 թվականին՝ Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցին, սակայն հուշարձանը տեղադրվել է ավելի ուշ։ 1989 թվականին հայկական թեմն առաջարկված նախագծերից ընտրեց ճարտարապետ Ջոն Գևհերյանի նախագիծը։ Կառուցման աշխատանքները սկսվեցին 1990 թվականին։ Այն բաղկացած է երեք հոյակերտ կամարներից, որոնք խորհրդանշում են Հայաստանը, Հայկական Սփյուռքն ու ԽՍՀՄ-ում ապրող հայերին։ Հուշարձանի առանցքային մասի՝ սև գրանիտից պատրաստված խաչի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 24-ին։ Բացումը կատարել է ավագ վարդապետ Եղիշե Մանճիկյանը, ներկա են գտնվել այլ բարձրաստիճան հյուրեր[1][2][3]։
1996 թվականին Դեյր-էլ-Զորի անապատից Հայ Օգնության Միության պատվիրակության կողմից բերվեցին ցեղասպանության նահատակների ոսկորներ և ամփոփվեցին հուշարձանի մոտ։ 2000 թվականին Եղոյան և Թեմբեկիջյան ընտանիքների հովանավորությամբ կառուցված մասունքների մոտ, որոնք շրջապատված են հինգ խաչքարանման սյուներով (Անահիտ Տեր-Մովսիսյանի նվիրատվություն) ամփոփվեցին նահատակների ոսկորները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կիպրոսի հայերը, էջ 31
- ↑ Monument in Nicosia, Cyprus
- ↑ «Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոսիա) կատեգորիայում։ |