Ծնվել է 1975 թվականին։ Նախքան Լոնդոնի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում ուսմանը նվիրվելը, Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։
2001 թվականից նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Օրինակ՝ «Ծափահարություններ» և «Աշխարհի ամենագեղեցիկ մարդը», որի համար 2003 թվականին BAFTA մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Հետագայում Ուելշմանը աշխատել է մի քանի ֆիլմերի վրա, բայց դրանք նշանակալից հաջողություններ չեն ունեցել։
2007 թվականին Հյու Ուելշմանը աշխատել է «Կյանքը վարդագույնի մեջ» ֆիլմի տեսողական էֆեկտների վրա։
Վերջապես 2008 թվականին Սերգեյ Պրոկոֆևի նույնանուն երաժշտական ստեղծագործության հիման վրա նկարահանված «Պետյան ու գայլը» (ռեժիսոր՝ Սյուզի Տեմպլտոն) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի։
2011 թվականին ցուցադրվել է «Կախարդական երկիր» մուլտֆիլմը՝ ստեղծված պրոդյուսեր Ուելշմանի և նրա՝ Breakthru Films ընկերության կողմից։ Գլխավոր դերի ձայնը հնչյունավորել է հանրահայտ դերասանուհի Հիզեր Գրեմը։
2017 թվականին Ուելշմանն ու իր կինը՝ Դորոտա Կոբելան[2], ստեղծել են «Սիրով, Վինսենթ» արտասովոր անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որն ամբողջությամբ յուղաներկով պատկերված էր կտավի վրա։ Այն նվիրված է եղել Վինսենթ վան Գոգի կյանքի վերջին շաբաթներին[3]։ Մշակումը ֆինանսավորվել է Լեհաստանի կինոարվեստի համալսարանի կողմից, իսկ արհեստավարժ գեղանկարիչների վերապատրաստումը՝ որպես նկարիչ անիմատորներ, մասամբ ֆինանսավորվել է Kickstarter ծրագրի քրաուդֆանդինգի միջոցով[4]։