Սեդրակ Տեր-Սարգսենց
Սեդրակ Տեր-Սարգսենց | |
---|---|
Ծնվել է | 1845 |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1938 |
Մահվան վայր | Նիս |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Սեդրակ Տեր-Սարգսենց (Տևկանց), 1845, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1938, Նիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ։
Արիստակես և Երեմիա Տեր-Սարգսենցների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել Կոստանդնուպոլսում։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո եղել է Մկրտիչ Խրիմյանի ստեղծած (1879 թ.՝ Վանում) սովյալներին օգնող հանձնաժողովի անդամ։ Այնուհետև ապրել և գործել է Երուսաղեմում, Լոնդոնում, Նիցցայում։ Հրատարակել է բանաստեղծությունների մի Ժողովածու («Վառարանի մը կայծեր», 1875)։ «Շահենն ի Սիպիր կամ Գաղթական հայը» (1877) երկում (հրատարակումից շատ չանցած այրվել է թուրքական իշխանության հրամանով) զգացվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը։ Տեր-Սարգսենցը ջերմորեն է արտահայտվել Խաչատուր Աբովյանի և նրա ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Աղասու մասին, ստեղծել ազատամիտ և ըմբոստ մարդու կերպար, որը, չհաշտվելով թուրքական դաժան իրականության հետ, անցնում է Արևելյան Հայաստան, բայց ցարական իշխանությունը նրան աքսորում է Սիբիր։ Վեպում ճշմարտացիորեն է վերարտադրված ժողովրդական կենցաղը, սովորությունները, տոները (ուշագրավ է Սուրբ Կարապետ վանքի տոնախմբության գունեղ նկարագրությունը)։ Հեղինակը քննադատել է կաթոլիկ եկեղեցու հավատորսությունը, այլ քրիստոնյաների հանդեպ կիրառվող հալածանքները։ Մի շարք պարբերականներում տպագրել է հոդվածներ՝ «Ասպետ» ստորագրությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 686)։ |