Լոռեր (պարս.՝ لُر), իրանալեզու ժողովուրդ, որն ապրում է արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Լոռերի ընդհանուր քանակը գնահատվում է 3-8 մլն։ Իրենցից ներկայացնում են 4 բարեկամական ցեղային խմբեր՝ փիշ–ե կուհա ու փոշտ–ե կուհա Լոռեսթանում և մամասանի ու կուհգիլուե Ֆարսում։ Խոսում են լոռերեն լեզվով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները դավանում են իսլամի շիա ճյուղը։ Կա վարկած, որ Լոռերը գոյացել են հին էլամական բնակչության և եկվոր հարավիրանական ճյուղի ցեղերից։ Անցյալում հիմնականում ներկայանում էին որպես քոչվոր անասնապահներ։ Այժմ մեծամասնությունը վարում է նստակյաց կյանք։