Մականախաղ, խաղային մարզաձև, որի մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Կանոնները

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 11 հոգի, որոնցից մեկը դարպասապահն է։ Մրցումներն անցկացվում են բնական կամ արհեստական խոտածածկ խաղադաշտում, որի երկարությունը հավասար է 91,4, իսկ լայնությունը` 55 մետրի։ Մրցակիցները ձգտում են գնդակը, մականներով հարվածելով, տեղափոխել մրցակցի կիսադաշտը և անցկացնել դարպասից ներս։ Խաղը շահում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմը։ Խաղի տևողությունը 70 րոպե է, այն բաղկացած է երկու 35 րոպեանոց կիսախաղերից։ Դարպասն ունի 3,66 մ լայնություն և 2,14 մ բարձրություն։ Գնդակի շրջագիծը հավասար է 22,5-23,5 սմ-ի, իսկ քաշը` 156-163 գրամի։[1]

Մականախաղը Հայաստանում

Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։

Հայ լավագույն մականորդը Սոս Հայրապետյանն է, որը եղել է ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980–1987), ԽՍՀՄ քառակի գավաթակիր (1982, 1983, 1986, 1987), Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1981), Եվրոպայի (1983) և Օլիմպիական խաղերի (1980) մրցանակակիր։

Հիշատակությունները հայկական աղբյուրներում

Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»։ [2]

Հղումներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 231։
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան