Jump to content

Բարբեքյու (սոուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բարբեքյու
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր ԱՄՆ
 Barbecue sauce Վիքիպահեստում

Բարբեքյուի սոուս (անգլ.՝ barbecue sauce, կրճ. BBQ sauce), սոուս, որը օգտագործվում է մարինացման, համեմման, միսը բարբեքյուի ձևով պատրաստելու կամ թոփինգի (վերին շերտը լցոնել, տալ պատկերավոր տեսք) համար՝ ներառելով խոզի կամ տավարի ողեր և հավ։ Դա տարածված համեմունք է ԱՄՆ-ի հարավում և օգտագործվում շատ ուրիշ ուտեստներում[1]։ Բաղադրատոսմսերը տարբերվում են, բայց շատ դեպքերում ներառում են իրենց մեջ քացախ, տոմատի մածուկ կամ մայոնեզ (կամ դրանց համադրումը) որպես հիմք, նաև «հեղուկ ծուխ», սոխի փոշի, համեմունքներ, ինչպիսիք են մանանեխը և սև պղպեղը, և քաղցրացուցիչներ, ինչպիսիք են շաքարավազը կամ մելասը։

Պատմություն

Ոմանք կարծում են, որ բարբեքյուի սոուսի ծագումը կապված է 17-րդ դարում ամերիկյան առաջին գաղութների ձևավորման հետ[2]։ Սոուսին վերաբերող հղումները սկսում են հայտնվել ինչպես անգլիական, այնպես էլ ֆրանսիական գրականության մեջ հաջորդ երկու հարյուր տարվա ընթացքում։ Հարավային Կարոլինայի մանանեխի սոուսը, որը բարբեքյուի սոուսի տեսակ է, սկիզբ է առնում 18-րդ դարի գերմանացի վերաբնակիչներից[3]։ Վաղ շրջանում տանը պատրաստվող բարբեքյուի սոուսները սովորաբար պատրաստվում էին միայն քացախով, աղով և պղպեղով։ Շաքարավազը, կետչուպը և վուսթերյան սոուսը սկսել են օգտագործվել 1920-ական թվականներին, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շաքարի և բաղադրիչների քանակը կտրուկ աճել է[4]։ Առաջին կոմերցիոն բարբեքյուի սոուսը գովազդվել է Ատլանտայում բարբեքյուի սոուսների ընկերության կողմից 1909 թվականին։ Հայնցը առաջին խոշոր ընկերությունն էր, որը 1940 թվականին սկսել է շշալցված բարբեքյուի սոուս վաճառել։ Դրանից անմիջապես հետո General Foods-ը ներկայացրել է «Open Pit»-ը։ Kraft Foods-ը շուկա է դուրս եկել միայն մոտ 1960 թվականին, սակայն ակտիվ գովազդի շնորհիվ նրան հաջողվել է դառնալ շուկայի առաջատարը[5]։ Kraft-ը նաև սկսել է պատրաստել խոհարարական յուղեր՝ կցված համեմունքների տոպրակներով՝ ապահովելով ևս մեկ ճանապարհ դեպի բարբեքյուի սոուսների շուկա[6]։

Տարատեսակներ

Տարբեր աշխարհագրական շրջաններ ունեն բարբեքյուի սոուսի իրենց հատուկ ոճերն ու տեսակները։

Արևելյան Կարոլինա

Ամերիկյան բարբեքյուի սոուսների մեծ մասը ծագում են Հյուսիսային և Հարավային Կարոլինայի արևելյան շրջաններում տարածված սոուսից[3]։ Լինելով ամենահասարակ և ամենահին սոուսը՝ այն հայտնի է դարձել աֆրիկացի ստրուկների շնորհիվ, ովքեր նաև նպաստել են ամերիկյան բարբեքյուի զարգացմանը. այն ի սկզբանե պատրաստվել է քացախով, աղացած սև պղպեղով և կծու չիլիով։ Այն օգտագործվում է որպես սոուս մսի մոպպինգի համար. մոպը (անգլ.՝ mop՝ «հատակ մաքրիչ») հատուկ սոուս է, որը փոքրիկ շվաբրի նման խոզանակի օգնությամբ քսվում է մսի վրա ապխտման ժամանակ[7]։ Բարբեքյուի սոուսը օգտագործվում է նաև մատուցելու ժամանակ այն պատելու համար։ Բարակ և կծու՝ այն թափանցում է մսի մեջ և ազատում բերանում յուղոտության զգացումը։ Այս սոուսը քիչ կամ առանց շաքարի է և ունի նկատելիորեն ավելի տտիպ համ, քան բարբեքյուի այլ սոուսների մեծ մասը։

Արևմտյան Կարոլինա

Հյուսիսային Կարոլինայի արևմուտքում գտնվող Լեքսինգթոնի և Պիեմոնտի շրջաններում սոուսը հաճախ անվանում են դիփ։ Այն նման է Արևելյան Կարոլինայի սոուսին՝ տոմատի մածուկի՝ տոմատի սոուսի կամ կետչուպի հավելումով։ Հարավային Կարոլինա նահանգի մի մասը հայտնի է իր դեղին բարբեքյուի սոուսներով, որոնք հիմնականում բաղկացած են դեղին մանանեխից, քացախից, շաքարից և համեմունքներից։ Այս սոուսն առավել տարածված է Կոլումբիայից մինչև Չարլսթոն շրջանում, որտեղ շատ գերմանացիներ են ապրում։

Մեմֆիս

Սոուսի այս տարբերակը նման է Արևմտյան Կարոլինայի ոճին, սակայն օգտագործվում է մելասը՝ որպես քաղցրացուցիչ և լրացուցիչ համեմունքներ։

Կանզաս Սիթի

Այստեղ սոուսը հաստ է, կարմրավուն շագանակագույն՝ լոլիկի վրա հիմնված, պատրաստված շաքարով, քացախով և համեմունքներով։ Այն ավելի խիտ և քաղցր է, քան Արևմտյան Կարոլինայում տարածված սոուսը, այնքան էլ չի թափանցում մսի մեջ, մնում է մակերեսին։ Սա ԱՄՆ-ում ամենատարածված սոուսն է և առևտրային բարբեքյուի սոուսների մեծ մասի տարբերակը։

Տեխաս

Որոշ ավանդական ռեստորաններում սոուսները խիստ համեմված են չամանով, չիլի պղպեղով կամ չիլի փոշով, սև պղպեղով և թարմ սոխով, մինչդեռ ավելի քիչ լոլիկ և շաքար են օգտագործում, այնուամենայնիվ, կան նաև այլ տարբերակներ։ Սոուսը միջին խտության է և հաճախ նման է հեղուկ լոլիկի ապուրի[8]։ Այն հեշտությամբ թափանցում է մսի մեջ՝ մակերեսում մնալու փոխարեն։ Տեխասից շշալցված բարբեքյուի սոուսները հաճախ տարբերվում են ռեստորաններում օգտագործվողներից, քանի որ դրանք չեն պարունակում հալված կենդանական ճարպ[9]։

Ալաբամայի սպիտակ սոուս

Հյուսիսային Ալաբաման հայտնի է մայոնեզի վրա հիմնված սպիտակ սոուսով, որը ներառում է նաւ խնձորի քացախ, շաքար, աղ և սև պղպեղ, որն օգտագործվում է հիմնականում հավի և խոզի մսի համար[10]։

Ծանոթագրություններ

  1. Michelle Moran. Category Analysis: Condiments // The Gourmet Retailer
  2. Bob Garner (1996). North Carolina Barbecue: Flavored by Time. էջ 160. ISBN 0-89587-152-1.
  3. 3,0 3,1 Lake E. High, Jr. A Very Brief History of the Four Types of Barbeque Found In the USA. South Carolina Barbeque Association, 2019
  4. Robert F. Moss (2010). Barbecue: The History of an American Institution. University of Alabama Press. էջեր 189–190.
  5. Robert F. Moss (2010). Barbecue: The History of an American Institution. University of Alabama Press. էջեր 189–190.
  6. Bruce Bjorkman (1996). The Great Barbecue Companion: Mops, Sops, Sauces, and Rubs. էջ 112. ISBN 0-89594-806-0.
  7. Гранд Кулинар / Сидровый моп для барбекю (соус для запекания)
  8. Daniel Vaughn. All About the Sauce // TexasMonthly
  9. HEINZ. «Heinz Texas Style Bold & Spicy BBQ Sauce, 19.5 oz Bottle». Kraft-Heinz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Cary, Josh & Jackson, Chef Tom. (Aug 10, 2018). Cooking With Fire: Alabama White Sauce Արխիվացված 2020-11-14 Wayback Machine, KMUW 89.1 Wichita Public Radio, Wichita, KS.